ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Քաղաք, սա քո անձրևը չէ»

«Քաղաք, սա քո անձրևը չէ»
11.04.2025 | 11:44

Քաղաքը թրջվել է մինչև ոսկորները: Իսկ թաց քաղաքը զգացական է ու խոցելի։ Կամուրջները փխրուն են, փողոցները՝ մածուցիկ, մայթերը՝ բեկվող, անցորդները՝ ամպամած, ջրհորդանների երգն ունկնդիր չունի: Ջրափոսերի մեջ արտացոլվողը տամկությունն է, ու անձրևից լվացված տարածության մեջ դատարկված տեղերն ավելի տեսանելի են դարձել։ Ամեն ձայն կարծես սոսկ արձագանքն է մեկ այլ ձայնի։

Երբ երկնքից ջրի անհամար կաթիլներ են թափվում, մարդիկ դառնում են մոռացկոտ: Նրանք դադարում են լսել ու հիշել այն, ինչը երեկ կարևոր էր: Հավանաբար պատճառն այն է, որ տեղատարափը նրանց սրտերում արթնացնում է զգայություններ լվացվող, վաղանցուկ ապրումների մասին, և այդ հույզերից ծնված տագնապի հետ նրանք դառնում են հերմետիկ, անջրաթափանց, անլուսաթափանց մի տարածք ու բնակվում են այնտեղ` իրենց ներսում, անտրտունջ հոժարությամբ: Եվ չկա մեկը, որ ասի. «Քաղաք, սա քո անձրևը չէ…»:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 8576

Մեկնաբանություններ